Գուրգեն Արսենյան. «ՄԻԱՍԻՆ ՆՍՏԵԼՈՒ ԵՆՔ ՈՒ ԼՌԵՆՔ»
Եթե նախկինում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները ի գիտություն լրագրողների` հայտարարում էին, որ այս շաբաթ չեն խոսելու կամ որեւէ հարց չեն մեկնաբանելու, ապա այժմ անցել են անժամկետ լռության: Վերջին արտաքին ու ներքին քաղաքական իրադարձությունների մասին ԲՀԿ-ականները հնարավորինս լռություն են պահպանում ու փորձում խորհրդարանում տեղաշարժվել գրեթե աննկատ: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց հանդիպել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ: Բայց արի ու տես, որ նա էլ, ինչպես բոլոր իր գործընկերները, տրամադրություն չուներ եւ որոշել է չխոսել լրագրողների հետ` պատկերացնելով հարցերի բովանդակությունը: Ինչ խոսք, պարոն Մարգարյանի «քարը կրկնակի ծանր է», չէ՞ որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ն. Փաշինյանի` ԲՀԿ-ին ծուղակի մեջ գցող նախաձեռնությունից (արտահերթ նիստով առաջ քաշել ՀՀ նախագահի պաշտոնանկության հարցը), ՀՀ ԵՏՄ անդամակցման վերաբերյալ տեսակետ հայտնելուց զատ, վերջինս պետք է բացատրություն տա, թե ինչու է փոխել իր երբեմնի Ղարագեբակյան ազգանունը, քանի որ այն կրկին դարձել է լրատվամիջոցների քննարկման թեման:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ այսօր «Կանյաչնի» գործարանում ԲՀԿ-ականները կրկին հավաք ունեն, իսկ թե ի՞նչ բովանդակություն է ունենալու այն փորձեցինք պարզել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻՑ, բայց նա էլ չխախտեց տեւական լռությունը. «Միասին նստելու ենք ու լռենք»: Լրագրողներիս բազմաթիվ պնդումներից հետո, ի վերջո, հաջողվեց պարզել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն այսօր քննարկելու են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, հավանաբար կենտրոնանալով ՀՀ ԵՏՄ անդամակցման վրա: Ի դեպ, ԲՀԿ-ական կուլիսներում շրջանառվում են խոսակցություններ, որ արտաքին քաղաքականությունից զատ, վերջիններս ուղիներ են ուզում գտնել Ն. Փաշինյանի չարաբաստիկ ստորագրահավաքը շրջանցելու համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ