ՃԵՆՋՈՏՆ ՈՒ ՓՆԹԻՆ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
Այսօր թեժ քննարկում էր ծավալվել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովում: Բուռն քննարկման թեման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որի հեղինակներն են ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը, Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը, Լեւոն Դոխոլյանը: Հանձնաժողովի քվեարկության համաձայն, որոշվեց դրական եզրակացություն չներկայացնել 2014 թվականի դեկտեմբերի 1- 4-ի չորսօրյա նիստերի օրակարգում հետեւյալ նախագիծն ընդգրկելուն: Ի դեպ, օրենքի նախագիծը խիստ քննադատության արժանացավ հենց ընդդիմադիր պատգամավորների կողմից, մասնավորապես ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, սովորության համաձայն, այն որակեց իրավական տեսակետից փնթի նախագիծ: Նույնքան վրդովված էր նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ, ով սկսեց գլուխ գովել, թե սիրով հրաժարվել է դառնալ այս օրենսդրական նախաձեռնության համահեղինակ: Ինչեւէ, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները փորձում էին չնեղացնել պարոն Հ. Մարգյանին, ով նախագծի հիմնական զեկուցողն էր` բացատրելով, թե ինչու են դեմ, ապա ընդդիմադիր պատգամավորները գաղափարին «կողմ» լինելով` բոլորովին չէին ընդունում սույն օրենսդրական նախաձեռնությունը: Ի վերջո, երկար լռելուց ու բոլորի կարծիքները լսելուց հետո, խոսեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ. «Քանի որ հարցն ունի ե՛ւ իրավական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ ամենակարեւորը, բարոյական տեսանկյուն, մեկ բառով ասած, այս նախագծի քննարկումը ինձ հիշեցրեց ժողովրդական հայտնի խոսքը` «արտը խախուտ մահանան կարկուտ»: Հիմա ասում եք գաղափարը շատ սիրուն է, էս ինչ լավն է, բայց հագը կոշիկներ չկա, միգուցե կոշիկ հագցնենք, կամ գույնը մազերի փոխենք եւ այլն, եւ այլն, չի անցնելու այս մոտեցումը: Եվ ես կբերեմ օրինակ, հստակ սղագրությունը կա, այո, ինձ եղել է առաջարկ , որ եկեք քառօրյա նիստերի օրակարգ չընդգրկենք հարցը, տանք մեծ օրակարգ, կառավարությունը ներկայացնի իր մոտեցումը, համադրենք: Կառավարությունը ներկայացրել է իր մոտեցումը, մոտեցման մեջ շարունակել է, որ արտադատական կարգով պետք է լուծում ստանա, այսինքն` այն քաղաքացին, որը իրոք ունի խնդիր եւ այսօր մենք պետք է տեր կանգնենք: Խայտառակ վիճակ է այսօր տիրում, ես էլի եմ կրկնում այսպես շարունակել հնարավոր չէ»: Ապա դիմեց Ա. Մինասյանին. «Ինչ վերաբերում է նախագծին, հիմա ճենջոտն ու փնթին էս մոտեցո՞ւմն է…»: Գ. Ջհանգիրյանն էլ որոշեց պաշտպանել պարոն Մինասյանին. «Էս մարդը կողմ ա, մի հետ համոզի»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ