ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀՀ ԱՌԱՋԻՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱԶՄԱԹԻՎ ՍԽԱԼՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ»
Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս, դաշնակցական Հրայր Կարապետյանը մասնակցություն է ունեցել 1989 թ-ի դեկտեմբերի 1-ին կայացվեց Հայաստանի ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին որոշման ընդունմանը: 25 տարի անց հետադարձ հայացքով անդրադառնալով դեկտեմբերի մեկի որոշմանը` «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ այդ որոշմամբ ամրագրվեց` Արցախը Հայաստանի մի մասն է, ավելին` այդ որոշումը հետագայում համալրվեց այլ որոշումներով եւս: «Կարծում եմ այդ որոշումը ուրվագծեց Արցախի ռազմավարական ուղղությունը, հաստատեց Հայաստանի մաս լինելն ու արտահայտեց արցախահայության կամքը: Բարոյական առումով, կարծում եմ, տեղին էր նման որոշում կայացնելը: Հետագայում մարտավարական ինչ-ինչ նկատառումներ հաշվի առնելով` որոշվեց, որ Արցախը հանդես գա առանձին հանրապետություն» ,- պրն Կարապետյանը:
Արդյոք ՀՀ առաջին իշխանությունները դեկտեմբերի մեկի որոշումն օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ Արցախի հարցում: «Կարծում եմ` ոչ: Այն ժամանակվա իշխանությունները հատկապես Արցախի հարցում բազմաթիվ սխալներ են թույլ տվել` թե դիվանագիտական, թե այլ առումներով: Արցախի խնդիրն էր նաեւ պատճառը, որ իշխանափոխություն տեղի ունեցավ (նկատի ունի 1998-ի փետրվարի երեքին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու ՀՀՇ-ի հեռացումը-խմբ.)»,- պատասխանում է հյուպատոսը:
Հրայր Կարապետյանի խոսքով` Հայաստանում ինչ իշխանություն էլ լինի, եթե անտեսեց Արցախի խնդիրը եւ այն չհամարեց առաջնահերթ, չի կարող լինել իշխանության ղեկին: «Այսօր մեր բոլոր ջանքերը պետք է ուղղենք Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ: Կյանքը ցույց է տալիս, որ ազգերի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի եւ այն վաղ, թե ուշ ճանաչվում է միջազգային հանրության կողմից»,- եզրափակեց Հրայր Կարապետյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ