Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՐՁԱԳԵՏՆ ԷԼ Է ՇԱՏ
Երեկ լրագրողներիս հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սրտնեղեց, թե ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հարցը ԱԺ-ում քննարկելու համար իր սկսած ստորագրահավաքին, հարազատ խմբակցության` ՀԱԿ-ի պատգամավորների փոխարեն, արձագանքել է միայն մի ՀԱԿ փորձագետ (ի դեպ, բավական կոշտ- խմբ.). «Նախ ասեմ, որ այն հայտարարությունը, որը տարածվել է Հայ Ազգային կոնգրեսի լոգոյով, դրա հեղինակը, իմ մասնակցությամբ, ՀԱԿ խմբակցության որեւէ նիստի ներկա չի եղել: Ասեմ, որ պատշաճ չեմ համարում քաղաքական գործիչների այն վերաբերմունքը, երբ նրանք թաքնվում են իրենցից կախվածության մեջ գտնվող անձանց թիկունքում ու նրանց հետեւից ինչ-որ դիրքորոշումներ են հայտնում: Ենթադրում եմ, որ սա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափելու համար է: Եվ երբ հարց կլինի, փաստեր կպարզաբանվեն, կասեն` գիտեք, մենք այդ հայտարարությունը չենք արել, այլ արել է փորձագետի տեղակալի օգնականը, եւ մենք այս հայտարարության հետ որեւէ կապ չունենք»: Թե իրականում ի՞նչն է պատճառը, որ Ն. Փաշինյանի գործընկերները արհամարհեցին ու երրորդ դեմքով արձագանքեցին վերջինիս նախաձեռնությանը, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ. «Այդպես ենք հարմար գտել, այդպես ենք վարվել: Մենք այդ նախաձեռնության մասին մեր տեսակետը հայտնել ենք»:
Այնպես որ, պարոն Փաշինյան, համակերպվե՛ք, ՀԱԿ-ում գործում է «կակոյ պռիվետ, տակոյ ատվետ» դաժան սկզբունքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ