ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԸ ՋԱՆՔ ՉԵՆ ԽՆԱՅԵԼ` ՅՈՒՆԵՍԿՕ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՅՏԸ ՁԱԽՈՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2014 թվականի նոյեմբերի 24-28-ը Փարիզում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստը: Նիստին ներկայացվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերի համալրման 46 հայտ, 27 պարբերական զեկույց, 8 անհապաղ պաշտպանության կարիք ունեցող տարր, 4 առաջարկ`լավագույն փորձի անվանացանկում գրանցելու համար:
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում 2014 թ. ներառման նպատակով ներկայացրել է իր հերթական հայտը.«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում»: Հայտը պատրաստվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի կողմից:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանի խոսքով` նոյեմբերի 26-ին հայտերի քնննարկման շրջանակներում հաստատվել է Հայաստանի կողմից ներկայացված եւ կոմիտեի փորձագիտական մարմնի հաստատած որոշումը`«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» հայտի ընդունումը. «2013 թվականի մարտի վերջին հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան քարտուղարություն եւ մինչ այդ այն բազմաթիվ անգամ քննարկվել է: Այս անգամ քննարկումների ժամանակ առաջացան հարցեր, որոնց մեր մասնագիտական հանձնախումբը տվեց մաքսիմալ պատասխաններ եւ հայտը անցավ միաձայն, այսինքն`անցավ այն ձեւը, որն ուղարկվել էր Հայաստանի կողմից: Սա մեր չորրորդ հայտն էր`2008 թվականին ցանկում ներառվել են «Դուդուկն ու իր երաժշտությունը», 2010 թվականին`«Խաչքարի արվեստ.խորհուրդն ու խաչքարագործությունը» եւ 2012թ.-ին`«Սասունցի Դավիթ կամ Սասնա ծռեր էպոսի կատարողական դրսեւորումները»,-նշեց ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԸ:
Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը փաստեց, որ Հայաստանի հարեւանները բազմաթիվ փորձեր են արել հայտը եւ տարեկան զեկույցի ընդունումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տապալելու համար.«Ե′վ պատվիրակների ե′ւ դեսպանատների կատարած նախնական աշխատանքի շնորհիվ նրանք որեւէ փոփոխություն չկարողացան կատարել: Մենք 99 տոկոսով կարողացանք հասնել մեր առջեւ դրված նպատակներին»,-ընդգծեց ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԸ եւ ավելացրեց, որ այս հարցում օգնել են նաեւ հարեւանների ներկայացրած անհիմն փատարկները:
ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը ընդգծեց, որ հայտը պատրաստել են հետեւելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գործող Կոնվենցիայի բոլոր դրույթներին.<<Լավաշը մեր մշակույթի ամենարտահայտիչ դրսեւորումներից մեկն է, որը գործուն նշանակություն ունի մեր ավանդական կենցաղում: Սրանով մենք նպատակ ունեինք նաեւ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մեզ համար շատ կարեւոր ազգային տարրերի վրա>>,-մեկնաբանեց ԵՐԱՆՈՒՀԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ