ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆՆ ԻՐ ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱՎ «ԿԱՆԽԵԼ» ԾԱՓՈՂՋՈՒՅՆՆԵՐԻ ՏԱՐԱՓԸ. ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով ներկայացավ հեղինակային երգերի կատարող ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ: Հայ մարդ, ում երգ-խոսքն ունի իր հասցեական լսարանն ու անդավաճան ունկնդիրը, ապացույցը լեփ-լեցուն դահլիճն ու բուռն ծափողջույններն էին, որոնք, եթե Դավիթն իր համեստությամբ «չկանխեր», երկա՜ր ու երկա՜ր կհնչեին:
«Համերգներիս համար միշտ դժվարանում եմ վերնագիր ընտրել, չնայած ընկերս այս անգամ այն « Հրաշք եմ ուզում» կոչեց, բայց ես ավելի շուտ «Երկխոսություն» կանվանեի. ավելի շատ ես ձեզնից վերցնում եմ, քան` տալիս»,- այս խոքերով իր հանդիսատեսի հետ երկխոսության անցավ ԴԱՎԻԹԸ, ապա շարունակելով, իհարկե, անմասն չմնաց հայրենասիրական երգերի իր թե´ հին, թե´ նոր կատարումները ներկայացնելուց. «Նոր երգ Մոնթեի և առհասարակ բոլոր տղերքի համար: Եվ այսպիսի մի առաջարկ ունեմ. եկեք ազգովի հավաքվենք մեր թշնամուն փոխենք, ախր հեչ մարդ չեն է, հե՜չ»:
Շարունակելով այս թեմատիկան` եկանք հասանք արդեն ծանոթ մի երգի. «Ունեմ ընկերներ, որոնց առաջ ինձ մեղավոր եմ զգում, ընկերներ, ովքեր դավաճանության զոհ դարձան, ովքեր ընկան թշնամու տված թիկունքիհարվածից, մահն իհարկե չի վերանա, բայց… «Կենացդ եղբայր» »:
Երեկոյի ընթացքում երաժշտական համարներով ներկայացան նաև Դավիթի կինն ու որդին` Արմինե և Վարդան Ամալյանները, Արմեն Ադամյանը(կրտսեր), Լեյլա Սարիբեկյանը, ԽՈՐԵՆ ԼևՈՆՅԱՆԸ: Վերջինս ևս իր հերթին շնորհակալություն հայտնեց դահլիճում գտնվողներին. «Շնորհակություն ձեզ ներկայության համար, շնորհակալ եմ, որովհետև հոգու այս ապրածով շատ բան կարող է փոխվել: Ինձ համար պատիվ է Դավիթի համերգին մասնակցելը, նա ինձ համար հայրենասիրության և տղամարդկայնության մարմնացում է»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ