ԱՐԴՅՈՔ ՊԱԼԱՉԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԻՐ ԵՐԹՈՒՂՈՒ ՎԻՃԱԿԻՑ
Վերջերս «բախտ» վիճակվեց օգտվել Երեւան-Չարենցավան 275 համարի երթուղային ավտոբոսից, որը պատկանում է գործարար Արթուր Հարությունյանին (պալաչ): Մինչեւ ավտոբուսի մոտենալը` կանգառում հավաքված չարենցավանցիները, տրտնջալով ավտոբուսի ուշանալուց, ամեն մեկը յուրովի փորձում էր ներկայացնել դրա պատճառը: Ըստ շրջանառվող լուրերի` երթուղին շահող կազմակերպությունը պարտավորվել է կազմակերպել ավտոբուսների երթը տասնհինգ րոպեն մեկ հերթականությամբ: Սակայն ինչպես եւ ականատես եղա նաեւ ես, այն իրականացվում է 30-ից 40 րոպեն մեկ հաճախականությամբ: Եթե անգամ ավտոբուսները շուտ էլ գալիս են, ապա կանգնում են այնքան, մանավանդ երեկոյան ժամերին, մինչեւ ավտոբուսը լցվում է եւ ներս մտնելու հնարավորություն չի լինում, իսկ դրսում մնացած ուղեւորները, հաջորդ կանգառներում այլընտրանք չունենալով, օգտվում են տաքսիներից:
Իսկ հիմա տաքսիների մասին: Ավտոբուսի, այսպես կոչված, դիսպետչերները, որոնք պարտավոր են կարգավորել երթուղու բնականոն ընթացքը, ըստ խոսակցությունների, համակարգում են նաեւ (որոշ գումարի դիմաց) նաեւ տաքսիների երթը ու նաեւ ասում են` այն տաքսիները, որոնք չեն վճարում, իրավունք չունեն տեղափոխել ուղեւորներ: Եղել են դեպքեր, որ նրանց չենթարկվողները բռնության են ենթարկվել: Ըստ որոշ լուրերի, բողոքում են նաեւ ավտոբուսի վարորդները այն պատճառով, որ այդ դիսպետչերները երթուղու սահմանված ժամանակահատվածը արհեստականորեն երկարացնում են` պատճառաբանելով եւ երթուղու տիրոջը ներկայացնելով` իբր թե տնտեսում են վառելիքը եւ այլն: Սակայն նրանք կարծում են, որ երթուղու տերը չգիտի նրանց` տաքսիների երթուղի կազմակերպելու փաստը: Այլապես վիճակը այսպիսին չէր լինի: Նաեւ արժե նշել, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը եւս պարտավոր է երթուղու լիցենզիան տրամադրելուց հետո նաեւ գոնե երբեմն հսկողություն իրականացնել:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ