«ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ (տեսանյութ)
1992թ.–ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը հռչակեց ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ: Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի կոնվենցիային միացել է 2006թ. դեկտեմբերին, վավերացրել` 2010 թ. մայիսի 17-ին:
Օրվան ընդառաջ «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության և «ՓԱՐՈՍ» կամերային երգչախմբի նախաձեռնությամբ «Դալմա Գարդեն Մոլ»-ում(նմանատիպ վայրերը, ցավոք, դեռևս խիստ սակավաթիվ են ՀՀ-ում)` որպես հաշմանդամների համար լիովին հարմարեցված վայր, իրականացվել է «ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ՖԼԵՇՄՈԲԸ: Աշխատաքանի իրագործմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել ՎիվաՍել-ՄՏՍ-ը, երգչախմբի աջակից «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ), Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան անսամբլը (գեղ. ղեկ.` Արփինե Հովհաննիսյան):
Աշխատանքն առանց հուզմունքի, հիացմունքի հնարավոր չէ նայել…
««Քեզ համար, Հայաստան» ֆլեշմոբի անցկացման հիմնական նպատակն էր` անակնկալ և արտահայտիչ կերպով ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժը, լավատեսությունը և մեր երկրի հզորացման գործում լիիրավ մասնակցություն ունենալու պատրաստակամությունը: Ֆլեշմոբի վայրում ներկա պատահական անձինք այնքա՜ն զարմանքով, ուրախությամբ ու հիացմունքով էին արձագանքում...Նման արձագանքի ենք արժանացնել նաև տեսանյութի youtube-ում դիտողների կողմից»,- «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում պատմում է «ՈւՆԻՍՈՆ» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:
Իսկ այն հարցին, թե այսօր բավարար ուշադրության կենտրոնում են հաշմանդամություն ունեցող անձնաց խնդիրները, պարոն Ալավերդյանը պատասխանում է.«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին ներկայումս շատ է խոսվում, սակայն գործնական լուծումներ տրվում են հազվադեպ: Ողջունելի է ԱԻՆ-ի դրական փորձը, Երևանի քաղաքապետարանի վերջին 2 տարիների դիրքը: Սակայն բազմաթիվ ոլորտներում դեռ խնդիրները չլուծված են մնում»:
2014թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է 195925 հաշմանդամություն ունեցող անձ։ Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը։
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ