«ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՍ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻ ՇՈՒՐՋ…»
Վերջին շրջանում այդքան արդիական դարձած ակումբները նաև լուրջ մշակութային ծրագրերի, ստեղծագործողների համար են հիմնական հանգրվանի կենտրոն դարձել: Երգիչ, կոմպոզիտոր ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ Կամերային երաժշտության տանը վերջերս կայացած իր «Կոմիտաս.վերապրում» համերգից առաջ ավելի քան 10 տարի էր, ինչ համերգային ելույթով չէր ներկայացել: «Համերգասրահները, համերգային դահլիճները բազում խնդիրներ են ի հայտ բերում, դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ այն երաժիշտներին, որոնց սովոր ենք տեսնել համերգային բեմերում, արդեն որերոդ տարին է` իրենց գործունեությունը տեղափոխել են ակումբային ոլորտ: Ճիշտ է, ակումբային մշակույթը Երևանում վերջին տարիներին է զարգացել, բայց հասցրել է անփոխարինելի դառնալ. այն կենդանի ու առողջ օրգանիզմ է, բավական է ներկայացնես ծրագիրդ, և գործն արագ առաջ է գնում, աշխատանքն այստեղ շատ արդյունավետ է: Եվ հետո ակումբն իր յուրահատուկ քաղցրությունն ունի նաև անմիջական շփման տեսանկյունից. հաճախ քեզ ու հանդիսատեսին մի քանի մետր է միայն բաժանում, նրա շունչն անգամ զգում ես, այստեղ որաշակի ադրենալին, հետաքրքրություն կա: Ակումբային համերգներով նաև աշխատանքդ է հղկվում. հանդիսատեսի հետ այդքան անմիջականությունից շուտ ես զգում, թե ինչ տարր է պետք զարգացնել, ինչ փոփոխություններ անել: Ես եթե ամփոփեմ իմ երկամյա ակումբային փուլը, ապա կարձանագրեմ, որ մոտ 60 համերգով ներկայացել եմ ու կարծես այս առումով հագեցել եմ»,-ասում է ԱՐԾՐՈՒՆԻՆ:
Ակումբային համերգների առավելությունների մասին խոսելիս Արծրունին նշում է նաև, որ այսօր իրական երաժշտական կյանքը ընթանում է ակումբային մակարդակի վրա, և որ բոլոր խմորումները, նորությունները, եռուզեռը հիմնականում ակումբային հարթության վրա են ծավալվում:
Իսկ 2015 թվականի իր ծրագրերին անդրադառնալիս նշում. « Հաջորդ տարի, ինչպես բոլոր ստեղծագործողները, այնպես էլ ես իմ գործունեությունը ծավալելու եմ ցեղասպանութայն 100-ամյա տարելիցի շուրջ. կներկայացնեմ 2 մեծ նախագիծ կամերային երաշտության ոլորտում, ունեմ հրավեր այս թեմատիկայով ներկայանու Սանկ Պետերբուրգում»:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ