ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ 6-ՐԴ ՄՐՑՈՒՅԹԸ`ՆՎԻՐՎԱԾ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2014 թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 19:00, օպերային թատրոնում կամփոփեն Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները, հաղթողներին կհանձնվեն մրցանակները, տեղի կունենա Գալա համերգ: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Մեներգիչների /դասական երգեցողություն/ հանրապետական մրցույթը անցկացվում է 1999 թվականից. 2008 թվականից՝ 3 տարին մեկ անգամ:
Մրցույթն անցկացվում է հանրապետության շնորհալի երգիչ-երգչուհիների բացահայտման, նրանց մասնագիտական ներուժի խթանման, հետագա գործունեության ծավալման և տաղանդի դրսևորման, ինչպես նաև հայ օպերային արվեստի երախտավորների հիշատակը արժևորելու նպատակով:
Նախորդող տարիների մրցույթների դափնեկիրները համալրել են ոչ միայն ազգային օպերային թատրոնի, այլև արտերկրի առաջատար օպերային թատրոնների ստեղծագործական կազմերը և այսօր շատերը համարվում են հեղինակավոր թատրոնների առաջատար մենակատարներ:
Այս տարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը նույնպես նվիրվել է մեծանուն օպերային երգչուհի, Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի ծննդյան 90-ամյակին:
Օպերային արվեստի մեծագույն վարպետ, կոլորատուրային սոպրանո և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեում:
Նա ուսանել է տեղի երաժշտական ակադեմիայում, սովորել Է Ֆելդմանի և Վ. Կարրոյի դասարանում։ 1940 թ. ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948 թ. հայրենադարձվել է Հայաստան։ 1949 թ. Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի է եղել:
Նրա երգացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 1956 թ. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984թ.` սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։ 1964թ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1973 թ.Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել: Գոհար Գասպարյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ