ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում «ՀԱՅ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ» միջազգային ասոցիացիան կազմակերպում է համերգ՝ նվիրված երգչախմբային արվեստի միջազգային օրվան: Այս տարի Երգչախմբային արվեստի միջազգային օրը Հայաստանում նշվեց դեկտեմբերի 6-ին Շիրակի, Վայոց Ձորի, Սյունիքի, ինչպես նաև Արցախի երգչախմբերը մարզկենտրոններում, իսկ Հանրապետության լավագույն 11 պետական, մանկական և սիրողական երգչախմբերը հանդես եկան Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
«Այս տարի մեզ միացել են որոշ մարզեր, և ես վստահ եմ, որ կանցնեն տարիներ ու ամբողջ Հայաստանի մարզերով ենք միանալու: Մենք ուզում ենք, որ Արմենիա բառի տակ շատ երգչախմբեր և երգիչներ երևան», - հույս է հայտնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՏԻԳՐԱՆ ՀԵՔԵՔՅԱՆԸ:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի և ժողովրդական արհեստների վարչության ներկայացուցիչ ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ էլ վստահեցնում է. «Երգչախմբային արվեստը մասսայական բնույթ կրող արվեստ է, և հայ ժողովուրդը, հանձին Կոմիտասի պատգամի, շարունակում է հետևողական լինել այս արվեստի զարգացմանը: Սրանք պետական, ռազմավարական նշանակության քայլեր են, հատկապեսˋ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Շնորհիվ մեր նվիրյալ խմբավարների, մեր երգչախմբերը լայն գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»:
«ՓԱՐՈՍ» երգչախումբն էլ երկրորդ տարին է`մասնակցում է միջոցառմանը. «Մեր երգչախմբի անդամները, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, նույնպես մասնակցում են ու զգում հասարակության մեջ իրենց լիարժեք քաղաքացիներ: Սա ևս մեկ քայլ է, որ բոլորս մեկ բեմում ենք ու երգում ենք միասին: Ես երազում եմ այս օրվա կապակցությամբ ոչ միայն Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն տեսնել, այլ Մերձբալթյան երկրների նման մի ամբողջ մարզադաշտ…»,-ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար ՐԱՖՖԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ:
Երգչախմբային արվեստի միջազգային օրը նշվում է 1990 թ-ից ամբողջ աշխարհում, որին մասնակցում են 150 երկրների հարյուր հազարավոր երգչախմբեր:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ