ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ԾՐԱԳԻՐԸ
Մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցը նախկին ձախողված ծրագրից հետո էլ դեռ դանդաղ աջաջընթաց ունի, և ավելի քան 300 շրջանավարտներ սպասում են իրենց հասանելիք բնակարաններին` շատերը 1993 թվականից ապրելով կիսաքանդ հանրակացարանների անմարդկային պայմաններում:
Օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ ԱՍՏՂԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ թեմայի շուրջ ասաց. «Այսօր բնակարան ստանալու հերթում հաշվառված են մանկատան 234 սաներ, առանց ծնողական խնամքի մնացած 109 անձինք, սակայն հաշվառման ցուցակը շարունակական է: 2013 թվականի օգոստոսի 1-ին մեկնարկել է նոր ծրագիրը, որը կոչվում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի դասված անձանց կացարանների և այլ սոցիալական ծառայությունների տրամադրում»: Կառավարության այդ որոշմամբ հստակ սահմանվեցին այն հատուկ և սոցիալապես անապահով այն խմբերը, որոնք կարող են հավակնել կացարանի ստացման և դրան զուգահեռ այլ ծառայությունների, քանի որ միայն կացարանի տրամադրումը բոլոր խնդիրները չէ, որ լուծում է»:
Ըստ Մինասյանի՝ վերջին շրջանում առավել ակտիվացել է կացարանների տրամադրման գործընթացը, մասնավորապես 2012-ին 59 անձ, որոնց թվում մանկատան շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած անձինք, Մարալիկում ստացել են կացարան, արդեն իսկ բնակեցվել է շենքի 15 բնակարան, ևս 15 բնակարանի համար ուսումնասիրվում են հերթագրվածների տվյալները:
Հիմնախնդրին անդրադառնում է նաև «Մեր տունը» ՀԿ-ի տնօրեն ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ. «Այսօր «Մեր Տանը» բնակվում է 11 աղջիկ, որոնցից 3-ն այնտեղ ապրում են արդեն 8 տարի: Իրենց հետ լրացուցիչ 4 տարվա պայմանագիր է կնքվել, սակայն դոնոր կազմակերպություններն արդեն պահանջում են հանել աղջիկներին, որպեսզի նոր սաներ կարողանան ընդունել»:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական ԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆՆ էլ ասում է, որ դեռևս 2013-ին ՄԻՊ-ը 5 դիմում բողոք է ստացել մանկատան շրջանավարտներից, որոնք խնդիրներ ունեին իրենց բնակարանի հատկացման հետ կապված, և ՄԻՊ միջամտությամբ հարցը լուծվել է: «Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միանշանակ ողջունելի են պետության կողմից իրականացված քայլերը, սակայն այն տպավորությունն է, որ մանկատան շրջանավարտներին պարզապես բնակարան ապահովելով` մենք լուծում ենք մեր պարտականությունը, և կարող ենք ասել, որ պետությունն իր վրա դրված պարտականությունն իրականացրել է, մինչդեռ հաշվի չենք առնում, որ այդ բնակարաններից ոչ բոլորն են ունեցել նորմալ պայմաններ»,- հավելում է Սաֆարյանը:
ՀՀ կառավարությունը, ըստ օրենքի, պարտավորված է մանկատան շրջանավարտներին ապահովել կացարաններով, սակայն անկախությունից հետո միայն 2003-ից մեկնարկած բնակարանների հատկացման ծրագիրը, որ պետք է բնակարաններով ապահովեր մանկատան մոտ 503 շրջանավարտների ձախողվեց:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ