ԽՍՏԱՊԱՀԱՆՋ ԺՅՈՒՐԻՆ ԹԱՓՈՒՐ ԹՈՂԵՑ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԸ (Ֆոտոշարք)
Դեկտեմբերի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեց Գոհար Գասպարյանի անվան Մեներգիչների (դասական երգեցողություն) հանրապետական 6-րդ մրցույթի արդյունքները: Նշենք, որ այս տարի մրցույթը նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Երեւանի պատվավոր քաղաքացի կամ պարզապես Հայաստանի սոխակ` ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին:
Հոբելյանական հանդիսության շրջանակներում իրենց կատարումներով հանդես եկան օպերային երգչուհիներ Անահիտ Մխիթարյանը, Հասմիկ Թորոսյանը եւ Քրիստինե Սահակյանը, հնչեցին հայ եւ օտար երախտավորների խոսքերն ուղղված Գոհար Գասպարյանին: Իսկ մրցույթի մասնակիցներին հանձնվեցին մրցանակներ ու պատվոգրեր, սակայն այդպես էլ որեւէ մեկը առաջին տեղին չարժանացավ: Այս մասին հաղորդավար Կարեն Քոչարյանը նշեց, որ դա խստապահանջ ժյուրիի որոշումն էր:
Այսպիսով` 2-րդ կարգի մրցանակի արժանացան` կանացի ձայներ` Տաթեւիկ Աշուրյանը, Քրիստինե Սաֆարյանը, տղամարդկանց ձայներ` Հայկ Թոնգուրյանը, Անդրանիկ Մալխասյանը: 3-րդ կարգի մրցանակի արժանացան` կանացի ձայներ՝ Մարիաննա Մարտիրոսյանը, Արմինե Խաչատրյանը, տղամարդկանց ձայներ` Գագիկ Վարդանյանը, Կիմ Սարգսյանը: Հատուկ մրցանակների արժանացան` ամենաերիտասարդ մասնակիցը` Նունե Գրիգորյանը («Հույսի մրցանակ») եւ Գ. Գասպարյանի երգացանկից «Լավագույն կատարման համար»՝ Ալվինա Նաջարյանը:
Ի դեպ, ժյուրիի կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն ու Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իրենց ելույթներում պնդեցին, որ այս մրցույթը, ժամանակն է, որ դառնա ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ:
Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Հ. Գ.-Առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունք»-ում: