Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՓՈՔՐԻԿ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՒՄ

$
0
0

ՓՈՔՐԻԿ ՄՈԴԵԼՆԵՐԸ

ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՒՄ

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը օրերս հյուրընկալել էր «Թոփ մոդել Հայաստան ազգային ասոցացիային»: Նպատակը ապագա մոդելներին դերասանի մասնագիտությանը ծանոթացնելն ու թատրոնի հանդեպ սեր արթնացնելն էր: Հանդիպմանը ներկա էին Համազգային թատրոնի դերասաններ Կարեն Խաչատրյանը, Մխիթար Ավետիսյանը, Ստեփան Ղամբարյանը, նույն թատրոնի դերասանուհի Արմինե Պողոսյանը և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Նրանք իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կիսվեցին փոքրիկ մոդելների հետ:

Հանդիպումն ինքնանպատակ չէր. «Դեկտեմբերի 23-ին Համազգային թատրոնում տեղի կունենա «Թոփ մոդել Հայաստան 2014»  մրցույթը, որին մասնակցում են 3 տարիքային խմբեր ներկայացնող մասնակիցներ: Այսօր  ներկա են միջին և ավագ տարիքի մասնակիցները: Բնականաբար, խորեոգրաֆները աշխատում են միայն արտաքին տեսքի վրա, բայց ինքս կարևորում եմ հայ կնոջ ներքին գեղեցկությունը: Կնոջ ներաշխարհի դատարկությունը թույլ չի տալիս նկատել արտաքին գեղեցկությունը: Դրա համար էլ անցկացնում ենք դասեր` օրագրերի նման, որոնց ընթացքում աշխատում ենք նաև այդ ուղղությամբ»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Թոփ մոդել Հայաստան ազգային ասոցացիայի» գործադիր տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ:

Այսպիսով, ապագա մոդելները  աշխատելու են բեմում, գործ են ունենալու հանդիսատեսի հետ, ուստի պետք է իմանան վերջինիս հետ շփվելու գրված ու չգրված կանոնները և, ի վերջո, պետք է կարողանան նաեւ հանդիսատեսին ինչ-որ բան փոխանցել.«Մի օր, օրինակ, էթիկայի դպրոցում արտաքին տեսք և իմիջ թեմայով էր դասախոսությունը. Այն նպատակ ուներ աղջիկներին  սովորեցնելու, թե որտեղ ինչ իմիջով պետք է ներկայանան: Այսօր երիտասարդությունը և նույնիսկ երեխաները մի տեսակ սերիալամոլ են դարձել, բայց ուզում եմ թեկուզ ստիպելով` փոխել նրանց վերաբերմունքն ու մտածելակերպը: Նման հանդիպումները նրանց  կապում է թատրոնի հետ, որովհետև այդ հոգևոր սնունդը ներկայացումներից հետո ենք ստանում.  ուրիշ ոչ մի տեղ և  ոչ մի աղբյուրից այն ստանալ չենք կարող: Ուզում եմ, որ այս երեխաները բացի արտաքին գեղեցկությունից` ունենան նաև ներքին գեղեցկություն` հարուստ բովանդակությամբ»,- անկեղծացավ  Լուսինե Բաղդասարյանը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին փորձառու դերասաններին: Նրանց հիմնականում հետաքրքրում էր, թե դերասան դառնալու համար պարտադի՞ր է մասնագիտական կրթություն ստանալը. «Շատ եմ կարևորում մասնագիտական կրթության առկայությունը: Դեմ եմ, որ մարդիկ առանց Թատերական ինստիտուտն ավարտելու` փորձում են դերասանական կարիերա ունենալ: Մասնագիտական կրթությունը շատ կարևոր է»,- պատասխանեց դերասանուհի ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Իսկ թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ փորձեց էլ ավելի պատկերավոր արտահայտել դերասանի կարևորությունն ու նշանակությունը թատրոնի համար. «Թատրոնի այցետոմսը դերասանն է: Սոս Սարգսյանի հետ մենք որոշել ենք առաջ տանել մի խոսք, որն իր մեջ ամփոփում է  դերասանի մասնագետ լինելու կարևորությունը` մեր թատրոնը դերասանի թատրոն է: Դերասանն է թատրոնի սյունը»:

Դասընթացի մասնակիցներից մեկին հետաքրքրում էր, թե դերասան դառնալու համար ի՞նչ է պետք ունենալ, որին ի պատասխան` դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց. «Ամեն ինչ  հարաբերականության մեջ է պետք դիտել: Ամենակարևորը` բնածին, Աստծո կողմից տրված շնորհն է: Աշխատասիրությունը, անշուշտ, մեծ նշանակություն ունի: Պետք է ճիշտ գնահատել հնարավորություններդ: Բայց այս մասնագիտության մեջ շնորհը մեծ կարևորություն ունի»:

Ի դեպ` փոքրիկները մեծ ցանկություն ունեին դեռ այդ տարիքում հայտնվել թատրոնի բեմում: Այս հարցին ևս թատրոնի տնօրեն Վ. Մկրտչյանը պատասխան ուներ. «2015թ. սեպտեմբերին մենք բացելու ենք Սոս Սարգսյանի անվան դերասանական ստուդիան, որտեղ դերասաններ ենք պատրաստելու մեր թատրոնի համար: Այն ուսանողները, ովքեր հեռանկարներ կունենան, ժամանակի ընթացքում կներգրավվեն թատրոնի աշխատանքներում: Այս ստուդիայում կսովորեն մինչև 15 տարեկան և 15 տարեկանից բարձր երեխաները»:

Խոստովանեմ, որ դասընթացի մասնակիցները պարզապես հիացած էին հայկական սերիալներով. ճանաչում և սիրում էին միայն այն դերասաններին, ովքեր որևէ սերիալում նկարահանվել են: Նրանք, հիմնականում, դերասաններ չեն, սակայն ունեն լավ դերասանի համբավ երիտասարդ սերնդի մոտ: Դերասան Ստեփան Ղամբարյանը նրբանկատորեն անդրադարձավ այս թեմային. «Այն գայթակղությունը, որ Ձեզ ստիպում է ընտրել այս մասնագիտությունը, շատ վարակիչ է: Բայց պետք է պատրաստ լինեք իրական դժվարություններին: Դերասանի մասնագիտությունը կապ ունի մարդու ներքին աշխարհի հետ: Այսօրվանից պետք է շատ կարդաք, որ առաջին հերթին լավ հանդիսատես լինեք, հետո նոր` լավ դերասան»:

Հենց այս գեղեցիկ նոտայով էլ ավարտվեց հանդիպումը: Փոքրիկ մոդելները տպավորված էին և մեծ ցանկություն ունեին ապագայում հայտնվել թատրոնում:


ՀԱՍՄԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles