ՆԱ ԾՆՎԵՑ , ԲԱՅՑ՝ ՉՄԱՀԱՑԱՎ...
Կոմիտասը` հայ երաժիշտներից առաջինը հայտնաբերեց ազգային արվեստի ինքնատիպության հուսալի ակունքները, գիտնականին հատուկ հետևողականությամբ հետազոտեց և բացահայտեց այդ ինքնատիպության օրինաչափությունները: Կոմիտասը հրապարակախոսին հատուկ կրքոտությամբ պաշտպանեց հայ երաժշտության ինքնուրույնության գաղափարը:
Այսօր ԿՈՄԻՏԱՍԻ անվան ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏԱՆԸ տեղի ունեցավ գրական երաժշտական երեկո` նվիրված ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ: Երեկոյի բացումն ազդարարվեց Տերունական աղոթքով: Սարկավագ ԱՐՄԵՆ ՍԱՀԱԿՅԱՆՆ էլ ԿՈՄԻՏԱՍԻՆ բնութագրեց հետեւյալ խոսքերով.<< Երբ ասում ենք ԿՈՄԻՏԱՍ, մենք հասկանում ենք գանձ: ԿՈՄԻՏԱՍԸ ծնվեց, բայց չմահացավ , նա ունի սկիզբ, բայց ոչ ավարտ... Նա հավերժացավ իր խոսքով, իր գործով...>>: Իսկ մենակատար ԱՐՏԱԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ ունեցաց մեր զրույցում հայտնի տենորը նշեց.<<Շատ բեմերից եմ ելույթ ունեցել, շատ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններն եմ կատարել , բայց իմ համար ԿՈՄԻՏԱՍՆ ուրիշ է, ամեն անգամ ԿՈՄԻՏԱՍ կատարելիս ամբողջ մարմինս դողում է, ոտքերս թուլանում են...>>
Հայ ժողովրդի գեղարվեստական գանձարանի հարստությունն արժեքավորող Կոմիտասը պահպանելով անցյալի արժեքները՝ պատմականորեն կոչված էր զարգացնել, հայտնաբերել դրանց կենսունակությունը, նորին ծառայեցնելու ուղիներն ու ձեւերը: Այդ ճանապարհին նրան վիճակվեց կերտել ազգային ոճի բարձր չափանիշները: Կոմիտասի արվեստն ուղղակի ու միջնորդավորված ներգործեց երաժշտական մշակույթի ողջ ընթացքի վրա: Բազմաթիվ ու բազմաբնույթ ստեղծագործությունների կողքին հնչեցին Կոմիտասի ձայնագրած մեղեդիները, նրա անհատականության բովով անցած ժողովրդական արվեստի գոհարները: Հայ երաժիշտների մի քանի սերունդ որդեգրեց նրա գեղարվեստական սկզբունքները, համարձակորեն ընդլայնեց նրա նշագծած ուղիները: Եւ այսօր էլ ԿՈՄԻՏԱՍԸ պետք է լինի յուրաքանչյուրիս հայ լինելու նախապայմանը...
ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ
↧
ՆԱ ԾՆՎԵՑ , ԲԱՅՑ ՉՄԱՀԱՑԱՎ...
↧