ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՅՍՕՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՈՒԺ ՉՈՒՆԻ
Անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, Արցախի ճանաչման խնդրին և Տավուշի մարզում օրեր առաջ կատարված դիտարկումների արդյունքներին այսօր ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտնեց, որ ցանկալի կլիներ, եթե դիտարկումներն իրոք հանգեցնեին պետական սահմանին լարվածության թուլացմանը, բայց այնուամենայնիվ, ըստ նրա,մ ենք էլի պետք է ֆիքսենք, որ առաջնագծում՝ պետական սահմանին, գոնե նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման խնդիրը մնում է: Այսինքն, մեխանիզմներ են հարկավոր, որոնք զսպեն ադրբեջանական նախահարձակ ագրեսիան: Մեր պետությունն այդ մեխանիզմներն ունի՝ ի դեմս ՀՀ զինված ուժերի, բայց եթե մենք բանակցային գործընթացի մեջ ենք ապա միայն կոպիտ ռազմական ուժը այստեղ անբավարար է»: Այնուամենայնիվ, Ջամալյանի համոզմամբ ադրբեջանական կողմին զսպելու միակ ռեալ և էֆեկտիվ երաշխիքը Հայաստանի զինված ուժերն են և հենց շնորհիվ մեր բանակի մարտունակության, թշնամին խոսքից գործի չի անցնում:
Այսօր ըստ փորձագետի Ադրբեջանը չունի այն ներուժը, որ հարձակում գործի, հակառակ դեպքում ոչինչ չէր կարողանա նրան հետ պահել : Որոշ զինատեսակների, մարդկային ռեսուրսների առումով ադրբեջանցիները առավելություն ունեն, բայց դրանք մի ռեսուրս են, որոնք ռեալ պատերազմի պարագայում կարող եմ փոշիանալ և որակական արդյունքի չհանգեցնել: Այսինքն որոշ հարցերում քանակական առավելությունը դա դեռ ռազմական գերազանցություն չի:« Մենք ունենք հենակետեր, որոնք անհրաժեշտության դեպքում կրակի տակ կպահեն թշնամու զորամասերը, դեպի հենակետեր տանող ճանապարհները: Քանի դեռ մենք ունենք նման հենակետեր, Ադրբեջանին անհրաժեշտ են շատ մեծ ռեսուրսներ, որպեսզի պատերազմ սկսի հաջողության հասնելու ակնկալիքով»,- հավելեց Ջամալյանը:
Ինչ վերաբերվում է Արցախի ճանաչման խնդրին, ապա ըստ Ջամալյանի մենք պետք է իրատես լինենք: Հակամարտությունները որոնց ակունքներում ընկած է ինքնորոշման խնդիրը՝ չեն կարգավորվում արագ: Նա նշեց.« Միջազգային պրակտիկան հուշում է, որ բոլոր այն դեպքերում, երբ արհեստականորեն ձևավորված բազմազգ պետությունները քայքայվել են, ապա վաղ թե ուշ այն տիտղոսակիր ազգը, ով գաղութարար նկրտումներ է ունեցել համակերպվել է իր նախքին գաղութների կորստի հետ և ի վերջո ճանաչել է դրանց անկախ լինելը»: Ըստ փորձագետի նման գործընթացները տևում են տասնամյակներ, մինչև գաղութարար ազգը հարմարվի իր գաղութի կորստյան հետ և ի վերջո ճանաչի դրա անկախ լինելը, սակայն Ադրբեջանի պարագայում հակառակ գործընթաց է տեղի ունենում: Այս 18 տարիների ընթացքում Ադրբեջանը անում է ամեն ինչ, որպեսզի անդրկովկասի թուրքերը չհամակերպվեն Արցախի կորստի հետ: Եվ ավելին, արվում է ամեն ինչ, որպեսզի հենց հայերի մոտ առաջանա այն միտքը, որ վաղ թե ուշ Արցախը Ադրբեջանի մաս է կազմելու:
Փորձագետը նշեց նաև, որ մենք նահանջելու տեղ չունենք և որ նման բնույթի հակամարտություններն իրենց էությամբ բացառում են փոխզիջումը: Նման խնդիրների միակ լուծումն այն է, որ նախկին գաղութարար ազգը համակերպվում է այն գաղափարի հետ, որ այլևս իշխանություն չունի նախքինում նվաճված ազգի հանդեպ; Պետք է ձեռնարկվեն քայլեր, որոնք կովկասյան թուրքերի մոտ ավելի արագ կհասունացնեն այն գաղափարը, որ իրենք այդ տարածքները անդառնալիորեն կորցրել են:
Մենք մեր հերթին չպետք է ժողովրդի մոտ ստեղծենք այն պատրանքը, որ բանակցային գործընթացը արագ արդյունքի կարող է հանգեցնել: Այս գործընթացը շատ երկար կտևի: Ջամալյանը նշեց.« Եթե ավելի օբյեկտիվ լինենք ապա անդրկովկասի թուրքերի բախտը բերել է, որ 90-ականների սկզբին իրենց արհեստական ձևավորած պետականությունը ամբողջովին չկազմաքանդվեց՝ մի բեկորը առանձնացավ: Այսօր ևս Ադրբեջանը ներկայացնում է արհեստականորեն ձևավորված կարկատաններով մի պետություն, որը արհեստականորեն իրեն է կցել ինչ-ինչ բեկորներ: Նման կարկատանացված պետականությունը կենսունակ լինել չի կարող: Ադրբեջանցի թուրքերը պիտի գոհ կինեն, որ իրենց բախտը բերել է և 90-ականներին այդ կարկատանացված պետականությունը չի փլուզվել ամբողջովին»:
Այսօր ըստ Ջամալյանի անհրաժեշտ է ամրապնդել արցախահայության՝ իբրև առանձին պետականության կազմավորումը, և ավելի անիրականանալի դարձնել հայրենիքի այդ հատվածը Ադրբեջանի կազմում լինելու գաղափարը թե՛ անդրկովկասի թուրքերի համար, թե՛ աշխարհի համար: Այդ ուղղությամբ արվում են քայլեր, որոնցից են Քարվաճառի ճանապարհի հիմնանորոգումը, Ստեփանակերտում օդանավակայանի գործարկումը:
Դավիթ ջամալյանը վստահություն հայտնեց, որ Ստեփանակերտի օդանավակայանը անպայման կաշխատի և նկատեց, որ դա ընդամենը ժամանակի խնդիր է:
«Իրավունք»-ի այն հարցին, թե ի՞նչ դիրք ունի այսօր Հայաստանը Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմի դաշտում, արդյո՞ք համարժեք պատասխան տրվում է ադրբեջանական սադրանքներին և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն այդ ուղղությամբ, պրն Ջամալյանը պատասխանեց.
« Մենք պետք է հստակեցնենք, թե որտեղից է բխում վտանգը մեր հանդեպ՝ թե՛ երկրի ներսից, թե՛ բուն Ադրբեջանից, թե՛տարբեր միջազգային կառույցներից, որոնք իբրև թե չեզոք են, բայց շատ կողմնակալ, ինչ որ դեպքերում նաև կաշառված լինելով պրո ադրբեջանական քաղաքականություն են վարում: Պետք է հստակեցնել թիրախները, որտեղից է բխում վտանգը և հասցեական աշխատել: Այդ առումով աշխատանք տարվում է, բայց սա այն ոլորտն է, որտեղ միշտ անելիք կա: Միշտ նոր մարտահրավերներ կարող են ի հայտ գալ, այսինքն միշտ պետք է զգոն լինել և հստակեցնել թիրախները և պատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Մարինե Բարսեղյան