ՄԻ՛ ԲԱԽՎԵՔ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻՆ` ՔՐԻՍՏՈՍԱՀԱՍՏԱՏ ՎԵՄԻՆ
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հերթական անգամ բամբասում ու խեղաթյուրված տեղեկություններ է հրամցնում հանրությանը՝ շարունակելով անպատվել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ հոգեւորականներին, մասնավորապես՝ ցեխ շպրտելով Վեհափառի վրա: Սամվելկարապետյանական “բարբաջանքների” մանրամասներին չանդրադառնալով, նշենք, որ ի պատասխան համացանցում հայտնված վերջինիս շինծու մենախոսական տեսանյութի, որը կրկին տարածում է գտել սոցիալական ցանցերում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ.ԱՍՈՂԻԿ քահանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գրում է. “Համացանցում տարածված մի մենախոսություն պատճառ դարձավ, որ գրվեն այս տողերը, որպեսզի մեկ անգամ եւս փորձենք զերծ պահել մեր բարեմիտ հավատակից քույրերին եւ եղբայրներին հոգեխռով ստից:
Այն, ինչ ասվում է այդ մենախոսությանց մեջ` կապված է Ամենայն Հայոց Հայրապետների հետ, ամբողջովին անհիմն է եւ սուտ: Իսկ մեջբերումները` կտրված են ասված խոսքերի ամբողջությունից: Սակայն, դրան չէ, որ կուզենք անդրադառնալ:
Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն եւ Սուրբ Էջմիածնի մասունքների ավանդատան պատասխանատու` պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Կարապետյանի խոսքերը Սուրբ Սարգսի մասունքների առնչությամբ իրականությանը չեն համապատասխանում: Այն բոլոր սուրբ մասունքները, որոնք դարեր շարունակ պահվել են Հայոց եկեղեցիներում, շնորհակիր են եւ հրաշագործ. բազում պատմական տեղեկություններ վկայում են այդ ամենի մասին: Սուրբ մասունքների հրաշագործությունների մասին կարող են վկայել նաեւ մերօրյա շատ հավատացյալներ, ովքեր տարբեր առիթներով մոտեցել են այդ սրբություններին ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես էլ մեր մյուս վանքերում եւ եկեղեցիներում: Ի հեճուկս սամվելկարապետյանների, կուզենք հատուկ շեշտել, որ Հայոց Եկեղեցին բնավ, երբեք մասունքների կեղծարարությամբ չի զբաղվել... Մասունքների իսկությունը պարզելու համար Սուրբ Եկեղեցին ունի իր մեթոդները, որոնք առավել ստույգ են ու անվիճելի, քան որեւէ ֆիզիկաքիմիական քննություն:
Նորեն հորդորում ենք` մի բախվեք Սուրբ Էջմիածնին` Քրիստոսահիմն Վեմին. «...Զգույշ եղեք, որովհետեւ, եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի, իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք քադել. մի գուցե աստվածամարտ էլ դառնաք» (Գործք 5:38-39): Պատմությունն է վկայել, որ Հայոց Եկեղեցու գործը` առաքելությունն Աստծուց է, ուստիեւ ոչ ոք այն չի կարողացել քանդել ու ձախողել: Վստահ եղեք, որ այսօր էլ եւ ոչ մեկին չպիտի հաջողվի”:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ