ՀԱԿ-ԻՍՏՆԵՐԻՆ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ՐԱՖՖԻԻ ԽԱՂԱՂ ՊԱՀՎԱԾՔԸ
ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն այսօր հայտնեց, որ ավագանու ընտրություններին իրենք ՀԱԿ կուսակցության ցուցակում ունեն մեկ անդամ՝ անցողիկ տեղում: Նա վստահություն հայտնեց, որ Վահագն Խաչատրյանի գլխավորած ցուցակը բավական շատ ձայներ կհավաքի:
Ողջունելով տիկին Սարգսյանի լավատեսությունը նշենք, որ դեկտեմբեր ամսին երևանցիների շրջանում «Սոցիոմետր» -ի անցկացված հարցման արդյունքում նա մեկ տոկոսից քիչ ձայներ էր հավաքել:
Գնահատելով գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքը տիկին Սարգսյանը նշեց.
«Շատերը ուզում են Տարոն Մարգարյանին ներկայացնել որպես լավագույն քաղաքապետ, ես չեմ ուզում ուրանալ նրա վաստակը կամ բացասական լույսի ներքո ներկայացնել նրան: Միգուցե նա այսպես է տեսնում քաղաքի շենացումը, զարգացումը, գեղեցկացումը՝ ծաղկազարդման միջոցով, նստարաններ տեղադրելով և այլն: Դա շատ գեղեցիկ է, ես դա ընդունում եմ, բայց ինձ համար Երևանը գեղեցիկ է այն ժամանակ, երբ Երևանում չկան մուրացկաններ, երբ երևանցին արժանապատիվ է ապրում»:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Բարևի շարժմանը», ապա ըստ տիկին Սարգսյանի.
«Տարբեր բաներ են, թե ինչ է ակնկակալում ժողովուրդը և ինչ կարող է լինել: Ես կարծում եմ, որ հետընտրական պրոցեսները Րաֆֆի Հովհաննիսյանը վերածում է նախընտրականի և նախագահական ընտրությունները չեղյալ համարելու հնարավորությունից զրկում է»:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի նամակագրությանը ՀԱԿ պատգմավորը նշեց, որ այս նոր քաղաքական մշակույթը անընկալելի է իրենց համար և ընդհանրապես տեղին չէ. «Մենք չենք տեսնում առաջխաղացում, դրական լուծում ի շահ ժողովրդի և ընդդիմության: Կարծում եմ այն պահանջները որ ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը իրատեսական չեն: Այս ամենը ի վերջո վերածվելու է քաղաքական առևտրի և սակարկության: Ցավում եմ, որ արդյունքում մենք նորից տեսնելու ենք մեր ժողովրդի հիասթափությունը»:
Թվում է, թե ՀԱԿ անդամներին նյարդայնացնում է երկրում սկիզբ առած նոր քաղաքական մթնոլորտը, չէ որ նրանք շատ անգամներ փորձեցին խախտել խաղաղ բանակցային գործընթացը, Րաֆֆիին դրդել ավելի կտրուկ քայլերի, սակայն նա անհաղորդ գտնվեց այդ ամենի հանդեպ: Բացի այդ ՀԱԿ-ում համոզված էին, որ չմասնակցելով նախագահական ընտրություններին կտապալեն դրանք, սակայն ընտրությունների արդյունքները այլ բան ցույց տվեցին: Հասարակության բավականին խոշոր հատված համախմբվեց ընդդիմադիր նոր առաջնորդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ և ցույց տվեց ՀԱԿ-ին, որ այն արդեն դուրս է մնացել քաղաքական գործընթացներից, վերածվել է քաղաքական դիակի:
«Իրավունք»-ի հարցին, թե ինչու՞ 2012թ.-ին պետական բյուջեից ՀԱԿ դաշինքին հատկացված մոտ 3 մլն դրամը, որը նախատեսվում էր բաշխել դաշինքի անդամ 10 կուսակցությունների միջև, փոխանցվեց ՀՀՇ-ի բանկային հաշվին և միայն ՀԺԿ-ին որոշ գումար հատկացվեց, ինչն էլ դաշինքի ներսում խժդժությունների լուրջ առիթ դարձավ. Տիկին Սարգսյանը խուսափողական պատասխան տվեց, ասելով, որ.
«Ես այդ ամեն ինչի մեջ չեմ եղել, որովհետև ՍԴՀԿ-ն դաշինք դեռ չէր մտել շատ հասկանալի պատճառներով, քանի որ դատական գործընթացների մեջ էինք և դաշինքի գոյությունը, դաշինքի գրանցումը չվտանգելու համար մենք չենք մտել դաշինքի մեջ, հետևաբար այդ հարցը ինձ շատ չի հուզել, շատ չեմ հետաքրքրվել, բայց գիտեմ, որ բաշխվել է բոլոր անդամ կուսակցությունների միջև»:
Այնուամենայնիվ բոլորին է հայտնի, որ ՀԱԿ-ի ներսում հակասությունները բազմաթիվ և բազմաբովանդակ են:
Մարինե Բարսեղյան