ՇԱՏ ԲԱՆ ԲԱՐՁԻ ՏԱԿ ԵՆՔ ՊԱՀՈՒՄ
Հայաստանի պարարվեստի <<Բարեկամություն>> պետական համույթը մասնակցեց ՝ ապրիլի 26-29-ը Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած <<Ֆոլկլյորից մինչեւ մոդեռն>>` <<Սուպեր պար>> պարի միջազգային փառատոն-մրցույթին, որտեղ եւ արժանացավ <<Գրան Պրիի>>: Այդ մասին այսօր <<Ազդակ>> ակումբում հայտնեցին համույթի տնօրեն ՏԻԳՐԱՆ ՄԽՈՅԱՆՆ ու հիմնադիր, պարող, փորձավար ԱՆԱՀԻՏ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Բանախոսների փոխանցմամբ` մրցույթ-փառատոնին մասնակցում էին 34 պարային կոլեկտիվներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Ա.Բադալյանը նշեց, որ առաջին իսկ ելույթից <<Բարեկամությունը>> հմայեց օտարազգի հանդիսատեսին եւ ժյուրիի անդամներին` իր կատարողական բարձր արվեստով, յուրաոճ բեմադրություններով եւ բարձրաճաշակ հագուստներով: Բացի գլխավոր <<Գրան Պրիից>>, համույթն արժանացավ նաեւ եւս երկու մրցանակների՝ 1-ին դափնեկիր՝ <<Ժողովրդական խորեոգրաֆիա>> (Էթնիկ պարեր եւ ստիլիզացիա) ոճում եւ <<Լավագույն բեմական հագուստներ>> մրցանակին:
Ի դեպ, պարոն Մխոյանի փոխանցմամբ, <<Գրան Պրին>> իր մեջ ներառել է նաեւ հազար դոլարին համարժեք գումար: Լրագրողների հարցին, թե Սանկտ Պետերբուրգում ինչ հրավերներ են ստացել, Տ.Մխոյանը հետեւյալ պատասխանը տվեց. <<Հրավերներ անմիջապես չստացանք, բայց հույս ունենք, որ կստանանք: Եթե նույնիսկ չստանանք էլ, ապա հոգ չէ, արդեն մեր անունը` որպես հաղթող, հնչել է: Միջազգային շուկա դուրս գալը հեշտ չէ: Տարվա մեջ մենք շատ չենք կարողանում Հայաստանից դուրս գալ, քանի որ դա մեծ ծախսերի հետ է կապված: Կան խմբեր, որոնք, գտնվելով ցածր սանդղակի վրա, ավելի հաճախ են մեկնում փառատոների: Բան այնն է, որ նրանք գնում են <<կոմպրոմիսի>>: Ասենք, իրենց ասում են, 7-8 հոգով եկեք, համերգ ենք կազմակերպելու, փող ենք աշխատելու: Նորայր Մեհրաբյանի խումբը չի համաձայնվում>>: Տնօրենը նաեւ ընդգծեց. <<Լինելով օտար երկրում եւ տեսնելով ամենն ուրիշի աչքերով` հասկանում ես, որ շատ բան ունենք ցույց տալու, որ դրսում տեսնեն ու զարմանան: Շատ բան բարձի տակ ենք պահում...>>:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ