ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԿԱԶԴԵ՞Ն ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ազգային հավաքականի վերելքային շրջանի շնորհիվ, որը, ցավոք, կարճ տեւեց, հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստները մարզական արդեն նոր հարթության վրա բարձրացան: Անցյալ ընտրական շրջափուլում Ազգային ընտրանին իր ցուցադրած խաղով դարձավ սենսացիայի հեղինակ: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստների հանդեպ հետաքրքրությունը մեծանում է հավաքականներում նրանց հաջող ելույթների շնորհիվ: Հիշենք Մեսութ Օզիլի օրինակը, ով Գերմանիայի հավաքականում մի քանի խաղ փայլուն անցկացնելուց հետո հայտնվեց Մադրիդի Ռեալում` դառնալով թիմի համար առանցքային խաղացող, իսկ Կրիշտիանո Ռոնալդուն երկար ժամանակ քննադատվում էր Պորտուգալիայի հավաքականում ունեցած իր ցածր արդյունավետության համար: Ստացվում է, որ այն բանից հետո, ինչ Ազգային հավաքականը մեկը մյուսի հետեւից ձախողում է հանդիպումները, իսկ առաջատար ֆուտբոլիստներից եւ ոչ մեկն էլ վերջին խաղերում չի կարողանում ցուցադրել իր լավագույն որակները, դա կարող է պատճառ հանդիսանալ, որ երբեմնի հետաքրքրությունն ու հիացմունքը շատ շուտ մոռացվի: Տվյալ դեպքում մտավախությունները կապված են հատկապես Հենրիխ Մխիթարյանի հետ, քանզի հենց նրա հետ են կապված հայ ֆուտբոլասերների հույսերը: Թեեւ տարվա ընթացքում շատ է խոսվել հայ ֆուտբոլիստի` Անգլիայի պրեմիեր լիգա հավանական տեղափոխության մասին, բայց ամենառեալ տարբերակը մնում է իտալական "Յուվենտուսը": Սակայն հավաքականի ցուցադրած խաղն ու արդյունքները չե՞ն ազդի արդյոք Մխիթարյանի վարկանիշի վրա: Չմոռանանք, որ թիմը ոչ միայն հաշվով է պարտվում, այլ` առաջին հերթին խաղով:
Հենրիկ Մխիթարյանը Հայաստան-Չեխիա խաղից հետո քննադատել էր խաղընկերներին` ասելով թե որոշ մարդիկ հոգի չեն ներդնում խաղադաշտում, այսօր հենց ինքը` Մխիթարյանն է խաղադաշտում իր գործողությունների համար քննադատության արժանանում հայ ֆուտբոլասերների կողմից: Թեեւ Դանիայի հավաքականի շանսերը զգալիորեն մեծ են գնահատվում, այնուամենայնիվ, Հայաստանի ազգային հավաքականը կարող է հպարտանալ, որ երկրպագուների բանակ կա` թեեւ փոքրաքանակ, որ ապրելով հայկական իրականության մեջ, սոցիալական խնդիրներն անտեսելով` մեկնել էր Դանիա` Ազգային հավաքականին սատարելու համար: Ավելացնենք, որ երկրպագուներից յուրաքանչյուրի համար այդ ուղեւորությունն արժեցել է 1000 դոլար: Թերեւս դա իր ազդեցությունն ունեցավ` հաշվի առնելով Դանիա-Հայաստան հանդիպման անսպասելի 0:4 արդյունքը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ