ԺՅՈՒՐԻԻ ԹՈՒՐՔ ԱՆԴԱՄԸ ԿՈՂՄ ԷՐ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ
Բուլղարիայի Բուրգաս, Իսպանիայի Լորե Դել Մար քաղաքներում տեղի ունեցած մրցույթ-փառատոնին Հայաստանը ներկայացնող «Gold star» պարային խումբը վերադարձել է մրցանակների մի ամբողջ կույտով՝ «Ֆոլկլյոր փառատոնի եվրոպայի չեմպիոն», «Գրան պրի», «Ոսկե օրփեոս»: Հաղթանակների հետ կապված մանրամասներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին «Gold star» պարային համույթի գործադիր տնօրեն Հասմիկ Էլիզբարյանը և այս ուղևորությունը կազմակերպած «Հայկական ֆոլկլյոր» բարեգործական հիմնադրամի նախագահ, Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ Սամվել Գալստյանը:
«Եվ՛ Բուլղարիայում, և՛ Իսպանայում, ինչպես ասացին ժյուրիիանդամները, այս փառատոնների շրջանակներում մինչ օրս հայկական մշակույթ չէր ներկայացվել. մենք առաջինն էինք: Առաջինն էինք նաև մեր ակտիվությամբ, եռանդով. երեխաների «Արմենիա» ճիչերն ու աղաղակները ծածկել էին բոլորին, ոգևորության ալիքն առավել ակտիվացավ հատկապես այն ժամանակ, երբ պատահական մի քանի մեքենաներ կանգնեցին ու հայ տղաներ, ովքեր ուղղակի հանգստանալու էին եկել, եռագույններով միացան մեզ: Ինչպես ժյուրին մեզ որակեց՝ ամենաբուռն էմոցիայով խումբ, ու անգամ ժյուրիի թուրք անդամը միանշանակ կողմ էր մեր հաղթանակին»,-ասաց Հասմիկ Էլիզբարյանը:
Իսկ թե ինչու նմանատիպ մրցույթներին պարբերաբար Հայաստանը ներկայացուցիչներ չի ունենում, բանախոսներն ասացին, որ ֆինանսական խնդիրներն են պատճառը, քանզի մասնակիցներից յուրաքանչյուրն ինքն է հոգում իր ծախսերը, չնայած այս մրցույթը բացառություն եղավ, քանի որ մասամբ գումարային հովանավորություն եղել է:
«Այն մարդիկ, ովքեր ֆինանսական հնարավորություններ ունեն, հիանալի կլինի, որ աջակից լինեն այն խմբերին, կատարողներին, ովքեր իրենց տաղանդով ու մշակութային ասելիքով կարող են աշխարհին ներկայացնել հայ ժողովրդին ու Հայաստանը»,- կոչ-խնդրանքով հանդես եկավ Սամվել Գալստյանը:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ