ԿՀՐԱՏԱՐԱԿՎԻ ՏՈԼՄԱՅԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐԻ ԳՐՔՈՒՅԿ-ԲՐՈՇՈՒՐ
Տոլմայի հերթական՝ երրորդ փառատոնը, մեկնարկեց Սարդարապատի հուշահամալիրում՝ ներկայացնելով տոլմայի ավելի քան 30 տեսականի 23 տաղավարներում՝ մայրաքաղաքի և մարզերի տարբեր ռեստորաններից, կրթական հաստատություններից:
«Սարդարապատը որպես տոլմայի փառատոնի անցկացման վայր պատահմամբ չի ընտրվել. 1918 թ. այստեղ տեղի ունեցած ճակատամարտով կասեցվեց թուրքերի առաջխաղացումը, ու արդյունքում հիմնվեց Հայաստանի ժողովրդավարական առաջին հանրապետությունը՝ այս վայրին հաղորդելով ինքնապաշտպանության մեծ խորհուրդ: Ազգային խոհանոցը ևս այն ոլորտն է, որտեղ պետք է զարգացնենք մեր ինքնապաշտպանական բնազդը: Մեր խոհանոցն աշխարհի ամենահայտնի ու հնագույն խոհանոցներից է և մեր հարևան երկրների համար ծառայել է որպես դոնոր. բոլորն օգտվել են հայկականից»,- ասում է փառատոնի կազմակերպիչ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
Տարածված բուրմունքն ու տոլմայի բազմազան տեսականին, իրոք, զարմացնող էին. տոլմա պատրաստված 4 տեսակի մսով ՝ հավ, հորթ, խոզ, գառ, Արցախի լոբու տերևով տոլմա, դդմի չբեղմնավորված ծաղկի մեջ լցոնած տոլմա, ազնվամորու թփով տոլմա, բրնձով պահքի տոլմա, հավի մսից, սնկից, թել պանրից և ընկույզից պատրաստված տոլմա, Մամիկոնյան տոհմի սեղանի կերակրատեսակ համարվող Տարոնի տոլմա՝ պատրաստված տավարի կտրտած լեզվով, որը մատուցվում է բալի սոուսով, Հին Բայազետի պահքի տոլմա` բրնձով ու բանջարեղենով, դեռևս մ.թ.ա. 782 թվականին Մենուայի որդի Արգիշտիի հիմնած բերդաքաղաքում հայտնաբերված բաղադրատոմսով պատրաստված տոլմա, ձկան և խեցգետնի տոլմա, սիգի տոլմա, որի միսը ծեծվել ու փշազատվել, շաղախվել է բլղուրով ու փաթաթվել մորու թփերով, ներկայացված էր նաև տհալով (ղավուրմա) տոլմա, որի համար արդեն օգտագործվում է ամբողջ ձմռան համար նախապես եփված, աղով ու յուղով շաղախված գառան միս…
Ի դեպ, ինչպես տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները, տոլմաների տեսականիով հետաքրքրվողների համար կհրատարակվի տոլմայի բաղադրատոմսերի գրքույկ-բրոշուր:
Իսկ փառատոնի հետաքրքրությունն առավել ընդգծելու համար հայտարարված «Ամենաերկար տոլմա» անվանակարգ-մրցույթի արդյունքերի ամփոփմամբ հաղթող ճանաչվեց 7 մետր 8 սանտիմետր երկարությամբ տոլման՝ պատրաստված Կարին թոնրատան կողից:
Նյութը` ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆԻ
Լուսանկարները` ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ