ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՎՍՏԱՀՈՒՄ Է «ԴՈՐԻԱՆՍԻՆ»
Արդեն հայտնի է,որ այս տարի «ԵՎՐԱՏԵՍԻԼ- 2013»-ին Հայաստանը կներկայացնի ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ: «Դորիանս» ռոք-խմբի մեներգիչը Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք երգի մրցույթում ելույթ կունենա մայիսի 16-ին` 2-րդ կիսաեզրափակչում: Իսկ երգը, որով եվրատեսիլյան բեմում հանդես կգա մեր մասնակիցը, կընտրվի մարտի 2-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Այսօր Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մենք՝ ԴՈՐԻԱՆՍՆԵՐՈՎ, այս տարի պաշտոնապես ներկայացնելու ենք Հայաստանը «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթում»:
Եվ ինչպես միշտ, այս տարի էլ լավ նորությունն իր հետ բերեց ե՛ւ շնորհավորական խոսքեր, ե՛ւ մեծ ուրախություն, ե՛ւ ինտրիգներ: Գոռի ֆեյսբուքյան էջում օգտատերը իրենց մեկնաբանություններում գրել էին. «Վերջապես Հայաստանից մի մասնակից , որն ունի ռեալ տաղանդ ու հարց չի առաջացնում ոչ ոքի մոտ»:
Օգտատերերից մեկն էլ. «Ժողովուրդ նոր կարդում էի հարցազրույցը: Հանրայինը Գոռին է ընտրել, բայց նա ասել է, որ Դորիանսով են մասնակցելու»:
Իսկ հաջորդն էլ. «Այս տարի Հայաստանը իրոք շատ տաղանդավոր մարդ է ներկայացնելու: Հպարտությամբ կարող ենք «Եվրոտեսիլ» նայել: Ամենակարեւորը, որ ժողովուրդը վստահում է «Դորիանսին»: Նա ապացուցել է իր առաջին տեղը ռոք ասպարեզում: Եվ որդեգրել է իր անփոխարինելի ձեռագիրը»:
ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ