ԵԶԴԻՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ԱՂԱՆԴՆԵՐՈՎ
Պարզվում է ոչ միայն հայերն են մտահոգված իրենց ազգային ավանդույթների եւ կրոնի պահպանմամբ: Այս խնդրով մտահոգ են նաեւ եզդիները: Աղանդավորական կազմակերպությունները սկսել են ներառել նաեւ եզդի ժողովրդին: Այդ մասին տեղի ունեցած ասուլիսին ներկայացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հկ նախագահ Բորիս Թամոյանը եւ «Երիտասարդ եզդիների ասոցացիայի» հկ նախագահ Սայիդ Աղդալյանը: Բ. Թամոյանը իր խոսքում նշեց. «Խնդիրը վերաբերում է Արագածոտնի շրջանի Սադոնց գյուղին, որտեղ գործում է աղանդավորական մի կառույց, այն ներկայանում է որպես բարեգործական հիմնադրամ, եւ այն ղեկավարում է Նարինե Խաչատրյանը: Շեշտը դնելով հիմնական անապահով խավի վրա, նրանք մանկապարտեզ են հիմնել եւ իրենց նպատակն է եզդիներին «խավարից հանել եւ տանել դեպի լույսը», այսինքն կրոնափոխ անել եւ աղանդավորական շարժման մեջ ներգրավել: Նրանք այս մասին մեզ տեղեկացրել են տեսանյութի միջոցով չհերքելով, ու եզդի երեխաներին օգտագործում են հենց կրոնափոխ անելու եւ աղանդավորական շարժման մեջ ներգրավելու համար: Մենք զրուցեցինք գյուղապետի հետ եւ պարզ դարձավ, ու նման մանկապարտեղ գոյություն ունի, ինչը սակայն հերքեց մարզպետը: Վերջինիս հետ զրույցից հետո մեզ զանգահարում է գյուղապետը եւ հերքում, որ նման մանկապարտեզ գոյություն չունի: Սա մեզ առիթ տվեց հասկանալու, որ իրականում այդ նախակրթարանը անօրինական է, եթե անգամ օրինական լիներ, նրանք իրավունք չունեն երեխաներին օգտագործել մեծերի վրա ազդեցություն ունենալու նպատակով: Եւ նրանք լկտիաբար դա չեն հերքում, տեսանյութում Խաչատրյանը պատմում է, թե ինչպես մի տարեց տղամարդ «չէր հավատում փրկությանը» եւ երբ նրա թոռնիկը սկսեց հաճախել նախակրթարան եւ սովորեց աղոթել, կարողացավ «փրկել պապիկին»: Համացանցում առկա են թե գյուղապետի, եւ թե մարզպետի հետ զրույցների ձայնագրությունները, ինչպես նաեւ այն տեսանյութը, որտեղ է Նարինե Խաչատրյանը ներկայացնում է այդ մանկապարտեզի հետագա ծրագրերը: Տեղեկացնում է, որ պատրաստվում են այս տարի Սադոնց գյուղի դպրոցը վերանորոգել, որպեսզի ընդլայնեն իրենց գործունեությունը»:
Սայիդ Աղդալյանն էլ հավելեց. «Դա աղանդավորական կազմակերպություն է, որն իր հիմնական գործունեությունը իրականացնում է ԱՄՆ-ում` Գլենդելում, ունի մասնաճյուղեր Իսրաելում, Բուլղարիայում, արդեն իսկ Հայաստանում, մասնավորապես Արագածոտնի մարզում : Նրանք նսեմացնում եւ արժեզրկում են մեր կրոնը, այն անվանելով սատայապաշտություն, մեր ավանդույթներն ու արժանապատվությունը, դրանք անվանելով հետադիմական »:
Դե ինչ, կասկած չկա , որ այս աղանդը շուտով կարող է ներառել նաեւ հայ սոցիալապես անապահով խավին: Կրկին անգամ հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին, զերծ մնալ ամեն տեսակի կրոնական կազմակերպություններից, որովհետեւ ի վերջո դրանք ազդում են Ձեր ներաշխարհի եւ դատողության վրա`կործանելով Ձեզ, եւ Ձեր ապագան:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ