ԲԻԶՆԵՍ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՇՎԻ՞Ն
Ամեն տարվա դեկտեբերին, այսինքն Նոր տարվա տոներին ընդառաջ պարենային ապրանքների գները հասնում են աստղաբաշխական թվերի: Թե այս տարի այդ գնաճը որքան է սահմանվել մեկնաբանեց Ազգային վիճակագրության ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, ով իր խոսքում նշեց. «2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համաեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.9% գնաճ, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 3,6%: Այս ընթացքում պարենային ապրանքների գները աճել են 5.1%-ով, իսկ ծառայությունների սակագները 0.8 %-ով: Ընդհանուր սպառողական ապրանքների գներն աճել են, սակայն հունվար ամսվա համար գնաճը նորմալ է, քանի որ նախորդ տարիներին այս նույն ժամանակահատվածում գնաճ մշտապես արձանագրվել է:
Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով: Գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների 4.9% գնաճով, հակառակ պարագայում գնաճը չէր գերազանցի 0,5%-ը: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.2-3.5% գնաճ: Ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է էջմիածնում, իսկ Երևանում սպառողական գներն աճել են 2.9%-ով: 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 5.1% գնաճ, ինչի վրա իր ազդեցությունն է թողել մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 11.8-31.8% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.8% գնաճ, իսկ 4-ում`2.0-0.1% գնանկում: Գնանկում է եղել շաքարավազի շուկայում, նախորդ ամիս այն կազմել է 5%:
Ձվի միջին գինը 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ աճել է 0.8%-ով, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`4.6%-ով: Կաթնամթերքի ապրանքախմբում 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.7% գնանկում, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`2.3% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում նույն համեմատությամբ արձանագրվել է 1.6% գնանկում, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`1.8% գնաճ: Մսամթերքի ապրանքախմբում 2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ գրանցվել է 3.5%, իսկ 2012թ. դեկտեմբերի համեմատ`1.0% գնաճ:
ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետի խոսքով, հունվարը դեկտեմբերի համեմատ 470 անուն սպառողական ապրանքներից 252-ի գծով արձանագրվել է գնաճ, 129-ում գների նվազում, իսկ 19 ապարանքների գներ մնացել են անփոփոխ»:
Հետաքրքիր է, այն, որ գնաճը կա եւ գնալով ավելանում է , ոչ ոք չի ժխտում, միայն թե , ո՞րն է դրա պատճառը, անհատական բիզնես ժողովրդի հաշվի?ն, քմահաճո?ւյք, թե ավելի հարստանալու մոլուցք, այս հարցին Գ. Մարտիրոսյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, պատճառաբանելով, թե դա իրենց կառույցի պարտականությունների մեջ չի մտնում:
«Իրավունքի» այն հարցին, թե հիշո՞ւմ եք արդյոք այնպիսի տարի, երբ Նոր տարվա տոներին ընդառաջ պարենային մթերքների գինը չհասնի աստղաբաշխական թվերի: Արդյո՞ք սա եւս բիզնեսի մի տարբերակ չէ, Գ.Մարտիրոսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել դա ինչ միջոց է, բայց այս տարի դեկտեմբերին ավելի մեղմ է եղել գնաճային միտումները, քան ասենք նախորդ տարիներին: Իսկ եթե փորձենք համեմատել հարեւան երկրների հետ , ապա այնտեղ գների անկման միտում էր գրանցվում »:
Օրինակ հասարակ ընկույզը, որը դեկտեմբերի սկզբին արժեր 3000-3500դրամ, սակայն տոներին ընդառաջ ընկույզի մեկ կիլոգրամն արժեր 10.000 դրամ, դա ինչո՞վ է պայմանավորված, նույն ընկույզը չի՞, պատասխանը հետեւյալն էր. «Որպես Հայաստանի քաղաքացի, բոլորս էլ գիտենք տոնական առեւտուրը ՀՀ-ում ինչպիսի բնույթ է կրում, ինչպես գնման , առեւտրաշրջանառության ծավալներով այնպես էլ գնագոյացման առումով: Սովետական տարիներին գնագոյացման կարգավորում կար եւ ոչ ոք իրավունք չուներ ինքնուրույն գին որոշեր:(Այսինքն հիմա ամեն մեկն էլ կարող է իրեն իրավունք վերապահել ու գին կրակել:Ա.Ս): Շուկայական ազատացման պայմաններում, գնագոյացումը ամբողջապես ազատ է: Ինչպիսին որ պահանջարկը կլինի, այնպիսին էլ առաջարկը: Նախատոնական առեւտուրը մշտապես ունենում է մեծ ծավալներ եւ առավել բարձր գներ: 2012թվականն էլ ոչնչով յուրահատուկ չի եղել նախորդ տարիների համեմատությամբ: Այսինքն արտառոց ոչինչ չկա»:
ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ