ՇԻՐԱԿԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ`ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մարզերում մշակութային կենտրոնների ընդհանուր վիճակին եւ խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաեւ այդ խնդիրներին լուծումներ տալու նպատակով` ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ աշխատանքային այցելություններ է կատարում ՀՀ մարզեր: Այս անգամ նախարարը եւ փոխնախարար Արթուր Պողոսյանը այցելեցին Շիրակի մարզ: Հ.Պողոսյանը եւ բարձրաստիճան մյուս հյուրերը նախ եղան Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոցում, որտեղ ծանոթացան մարզի մշակութային տարբեր կենտրոնների 84 սաների` շուրջ 90 աշխատանքների նկարչական ցուցահանդեսի: Հյուրերին իրենց կատարումներով ողջունեցին Արթիկի Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցի երգչախումբը, որից հետո պատանի շնորհալի կոմպոզիտորները ներկայացրեցին իրենց ստեղծագործություննեը:![]()
Նախարարի կողմից Արթիկի գեղարվեստի դպրոցին տրամադրվեց նկարչական պարագաներ, իսկ Դ. Ղազարյանի անվան մանկական երաժշտական դպրոցին`երաժշտական գրականություն: Դպրոցի ստեղծագործական դասարանի դասատու Նարինե Մխիթարյանը եւ Արթիկի գեղարվեստի դպրոցի գծանկարի դասատու Սամվել Քարտաշյանը պարգեւատրվեցին ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` մշակույթի ոլորտում ունեցած ներդրման ու զարգացման, ինչպես նաեւ երկարամյա արդյունավետ գործունեության համար:
Մանկակական գեղարվեստական գրքերով, տեսաֆիլմերով եւ այլ նվերներով նախարարաը այցելեց նաեւ «Թռչունյան-տուն» մանկատուն կրթարան, որտեղ հանդիպեց կենտրոնի սաների հետ եւ լսեց նրանց երաժշտական կատարումները: «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի մարզային փուլի շրջանակններում մանկատուն-կրթարանի սաների համար ցուցադրվեց «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը: Նախարարը «Թռչունյան տուն» մանկատուն-կրթարանի տնօրեն Սոնա Սիմոնյանին պարգեւատրեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով` մշակույթի ոլորտում ունեցած ներդրման եւ արդյունավետ գործունեության համար:
Մարմաշենի վանքային համալիրում պետություն-մասնավոր համագործակցության ծրագրով վերջին տարիներին իրականացրած վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու համար Հ. Պողոսյանը այցելեց նաեւ Մարմաշենի վանքային համալիր: Տեղում ծանոթացավ համալիրւմ առկա խնդիրներին եւ հետագա ամրակայման եւ վերկանգնման աշխատանքներին:
2012-2014 թվականների ընթացքում մշակույթի նախարարությունը Շիրակի մարզում մշակութային կրթության ոլորտում իրականացրել է հետեւյալ ծրագրերը.
Ներկայում ՀՀ Շիրակի մարզում գործում է 28 գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն (11 երաժշտական, 14 արվեստի, 2 գեղարվեստի, 1 պարարվեստի դպրոց), որտեղ սովորում է 3078 աշակերտ, դասավանդում` 453 մանկավարժ: Մարզում գործում է 22 մանկական երգչախումբ:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից 2012-2014 թվականներին հենակետային և այլ դպրոցներում իրականացվել է մի շարք կրթական ծրագրեր՝ ցուցաբերվել է ուսումնամեթոդական օժանդակություն, իրականացվել է վարպետության դասեր, որոնց մասնակցել են մարզի գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների 2591 աշակերտ և 440 մանկավարժ, իսկ «Վերապատրաստման դասալսումներ» ծրագրով՝ 274 մանկավարժ:
ՀՀ մշակույթի նախարարության «ՀՀ շնորհալի երեխաների տեղեկատվական բանկում» 2012-2014 թթ. ՀՀ Շիրակի մարզից ընդգրկված շուրջ չորս տասնյակ շնորհալի երեխաներ մասնակցել են համատեղ համերգ-ստուգատեսների:
ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրում մարզից 2014 թ. ընդգրկվել են 2 պատանի երաժիշտ-կատարող (Գյումրու Կարա–Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի սաներ` Պետրոսյան Տիգրան (դաս.` Գ Ավանեսով), Գյոդակյան Վարդան (դաս.` Մ. Կարապետյան):
Երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մանկապատանեկան 6-րդ մրցույթ-փառատոնին 2014 թ. մասնակցել է 33 երկրների 2706 երաժիշտ-կատարող (ՀՀ Շիրակի մարզից մասնակցել են 14 ուսումնական հաստատությունի՝ 170 աշակերտներ):
2013 թ. «Գյումրին ԱՊՀ 2013թ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել է Մանկապատանեկան արվեստի ինտեգրատիվ առաջին հանրապետական փառատոնը: Փառատոնի նպատակն էր հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ներգրավումը: Փառատոնին մասնակցել են 20 հաստատությունների՝ 268 մասնակիցներ:
2012-2014 թթ. ՀՀ Շիրակի մարզի 16 պատվիրակներ մասնակցել են Վ. Սպիվակով միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին (ՌԴ, Մոսկվա):
2012-2014 թթ. «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի շրջանակներում իրականացվել է բազմաթիվ կրթադաստիարակչական միջոցառումներ:
2014 թ. մայիսի 30-ին Գյումրու արվեստի ակադեմիայի դահլիճում կայացել է ՀՀ Շիրակի, Սյունիքի, Լոռու. Արմավիրի, Արագածոտնի մարզերի 7 շնորհալի պատանի մենակատարների (ջութակ, ֆլեյտա, շեփոր, թավջութակ) համերգը՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար և դիրիժոր Երվանդ Վարոսյան) նվագակցությամբ:
2011-2014 թթ. «Երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների համար ուսումնական նոր ծրագրերի, դասագրքերի, մեթոդական ձեռնարկների մշակում և հրատարակում» ծրագրով մարզում գործող բոլոր ուսումնական հաստատություններին համապատասխանաբար անվճար բաշխվել են շուրջ 800 անուն գրականություն:
«Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրի միջոցով 2013 թվականին մարզի 9 ուսումնական հաստատություններին տրամադրվել է 10 երաժշտական գործիք` տրոմբոն, շեփոր, ուդ, քամանչա, գակարափող, ալտ, քամանչա, քանոն (գործընթացը շարունակական է):
2014 թ. «Երաժշտական և արվեստի դպրոցների ազգային, լարային և փողային նվագարանների գծով ուսուցում» ծրագրի շրջանակում, մարզի 377 սովորող ստացել է ուսման վարձավճարի փոխհատուցում:
2014 թ. մեկնարկած «Հայաստանում վարպետության դասերի կազմակերպում արտերկրի մասնագետների կողմից» ծրագրի շրջանակում մարզի 3 շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ` Գևորգ Պապիկյանը, Նորիկ Սահակյանը, Ազատ Հարությունյանը մասնակցել են ՌԴ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վ. Մ. Պրոկոպովի (շեփոր, ք. Մոսկվա) և ՌԴ վաստակավոր արտիստուհի, Մարիինյան թատրոնի սոլիստ Մ. Ա. Ֆեդոտովայի (ֆլեյտա, ք. Սանկտ-Պետերբուրգ) կողմից անցկացվող վարպետության դասերին:
Ս. թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկա է գտնվել Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, շրջայց կատարել Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների անունը կրող միջնակարգ դպրոց-վարժարանում, ծանոթացել կրթահամալիրի ընթացիկ գործունեությանը և ծրագրերին: Հայաստանում մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ամերիկաբնակ բարերար Ջոն Հովհաննես Օյունջյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ